Ավարայրից Սարդարապատ ու Արցախ

Այսօր Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցան Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյաններին նվիրված ցուցահանդես և միջոցառումների շարքից ՝ «Ավարայրից Սարդարապատ ու Արցախ» խորագիրը կրող գլխավոր միջոցառումը, որին ներկա էին ծնողներ, հյուրեր դպրոցի գործընկեր կազմակերպություններից/ «Ուրանտեքս», «ՀՖՖ», «Արարատ» ֆուտբոլային ակումբ/:


Միջոցառումը նախաձեռնել էր տնօրենությունը, որը կազմակերպվել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Ղազարյանի կողմից՝ հայոց լեզվի և գրականության, պատմության և ընդհանուր զարգացման առարկաների մեթոդմիավորումների համատեղ ուժերով:
Միջոցառումը բաղկացած էր մի քանի մասից:
Աշակերտները նախ ներկայացրին, թե ով ենք մենք և ուր են ձգվում հայի արմատները:Այնուհետև ներկայացվեցին մեր ժողովրդի մայիսյան հաղթանակները, որոնք սկսվեցին Վարդան Մամիկոնյանի կոչով ու Ավարայրով, հասան Սարդարապատ, Ղարաքիլիսա ու Բաշ-Ապարան, առաջին հանրապետության հռչակում, Մեծ հայրենականի հաղթանակ ու Շուշիի ազատագրում, ապրիլյան քառօրյա:
Բեմական հրաշալի խաղով մեր սաները բեմադրեցին Ավարայրին, Մայիսյան հերոսամարտերին և դրանց հերոսներին, առաջին հանրապետության հռչակմանը նախորդող քաղաքական դեպքերին վերաբերող պատմական իրադարձությունները:


Պատմական ճշգրիտ փաստերի վրա կառուցված դիտարժան միջոցառմանը մեծ գրավչություն հաղորդեցին դպրոցի երգչախումբը/ ղեկավար՝ Արմեն Կիրակոսյան/, մեներգիչ Վահե Համբարձումյանը և մշակույթի տան պարի խումբը/ ղեկավար՝ Մելինե Հարությունյան/:
Միջոցառման մասնակիցները և հյուրերը հաճույքով դիտեցին և մեծ գովասանքի արժանացրին դպրոցի կերպարվեստի խմբակի/ ղեկավար՝ Արտաշես Հովհաննիսյան/ և տեխնոլոգիայի խմբակների/ ղեկավարներ՝ Մարջիկ Վարդանյան, Անուշ Քոչարյան/ սաների նկարները և ձեռքի աշխատանքները՝ գոբելեններ և ազգային տիկնիկներ, որոնք հիմնականում ներկայացնում էին օրվա խորհուրդը՝ Ավարայրից Սարդարապատ ու Արցախ:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։