ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ
Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցն այս օր կրկին ցնծում էր տոնական տրամադրությամբ: Հարազատ դարձած կրթօջախի հյուրընկալ դռները լայնորեն բացվել էին՝ սիրելի սաներին իրենց գիրկը կանչելու ակնկալիքով: Աշնանային շենշող այգաբացին ձուլվել էին նախակրթարանի սաների, առաջին դասարանցիների մանկական խինդն ու բերկրանքը, տասներկուերորդցիներ խոհուն ժպիտները:
Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառման ը մասնակցում էր համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը, ծնողներ, նախորդ տարիների շրջանավարտներ:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց և իր ջերմագին ողջույնը կրթօջախի սաներին, մանկավարժներին հղեց դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը: Խոսելով նախորդ ուստարում դպրոցի ձեռքբերումների մասին՝ Ն.Բաբայանն առանձնացրեց ֆուտբոլի թիմին, որը աննախադեպ հաջողություն գրանցեց դպրոցականների ֆուտբոլի մրցաշարերում՝ նվաճելով աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր: Հետխորհրդային երկրների մեջ առաջին անգամ դպրոցի սաները մասնակցեցին Չեխիայի Հանրապետությունում կայացած դպրոցականների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ բարձր պահելով դպրոցի, համայնքի և հանրապետության անունը:
Դպրոցի սաները հաջողություններ են գրանցել մարզական , երաժշտական տարաբնույթ միջոցառումներին , մրցույթներին, առարկայական օլիմպիադաներին: Նաիրա Բաբայանը հույս հայտնեց, որ դպրոցի հաջողությունները շարունակական կլինեն և կբազմապատկվեն:
Մտքի դարբնոց, լույսի կամուրջ համարվող դպրոցը կոչելով երկրորդ տուն՝ Նաիրա Բաբայանը աշակերտներին հորդորեց սնվել գիտության լույսով և դառնալ պիտանի քաղաքացիներ մեր հայրենիքի համար:
Տնօրեն Ն. Բաբայանը նշեց, որ մանկավարժական կոլեկտիվը համալրվել է նոր մանկավարժներով, որոնք էլ հանդիսավոր երդվեցին բարձր պահել ուսուցչի վեհ կոչումն ու դպրոցի պատիվը՝ դառնալով կրթօջախի լավագույն ավանդույթների կրողները:
Այնուհետև իրենց թոթով լեզվով, մանկական անմիջականությամբ ներկաներին ողջունեցին առաջին դասարանցիները, որոնց ոտնամուտը դպրոց շնորհավորեցին և բոլոր աշակերտներին , ուսուցիչներին արգասաբեր ուսումնական տարի մաղթեցին տասներկուերորդ դասարանի աշակերտները:
ԲԱՐԻ՜ ԵՐԹ 2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |