Անմոռանալի ակնթարթներ արհեստների և արվեստների մայրաքաղաքում
Ուսումնական տարվա ծանրաբեռնված, բայց միևնույն ժամանակա արգասաբեր աշխատանքից հետո լիարժեք հանգիստը միշտ էլ սպասված է:
![]() |
![]() |
![]() |
Այս տարի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը իր տարեվերջյան չափազանց հետաքրքիր և բովանդակալից էքսկուրսիան անցկացրեց Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում:Ուղևորության առաջին կանգառը Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված <<Վերածնունդ>> հուշահամալիրն էր,որի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորված է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի (Դրաստամատ Կանայան) աճյունը:Հարգանքի տուրք մատուցելով մեծ զորավարի շիրիմին՝ շարունակեցինք ճանապարհը դեպի Հառիճի վանք(նախկինում՝ Ղփչաղավանք):Միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը մեզ հիացրեց իր նուրբ զարդաքանդակներով,կառույցի կատարելությամբ և շքեղությամբ:Վանքին կից գործող հոգևոր դպրոցի սաները,ովքեր ամուր հավատի նվիրյալներն ու պահապաններն էին,մանրամասնորեն ներկայացրին վանահամալիրի պատմությունը,ավանդազրույցները՝ կապված արաբական արշավանքների և վանքի անառիկության հետ:
![]() |
![]() |
![]() |
Եղանք նաև Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանքում:Հիանալով հինավուրց վանքի ճարտարապետական տեսքով՝ ևս մեկ անգամ փաստեցինք,որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ:
Մեր վերջին կանգառը Գյումրին էր,որն իր հյուրընկալ դռները բացեց մեր առաջ:Արհեստների և արվեստների քաղաք Գյումրին աչքի ընկավ իր ինքանատիպ ճարտարապետությամբ,արձանախմբերով,խնամված և գեղեցիկ այգիներով ու պուրակներով:
Մեր աղոթքը առ Աստված հղեցինք Վարդանանց հրապարակում գտնվող գլխավոր եկեղեցու՝ Սուրբ Յոթ Վերքի խորանից,հավատի մոմեր վառեցինք Սուրբ Նշան եկեղեցում, հիացանք ռուսական ժամատան ինքնատիպությամբ,որը ժողովրդի կողմից ստացել է Պլպլան ժամ անվանումը՝ փայլուն թիթեղե տանիքի պատճառով:
Գյումրին խորհրդանիշների քաղաք է,որտեղ իրենց ուրույն տեղն ունեն ֆայտոնը և մուշուրբան(մուշուրբան պղնձե ջրաման է,որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը, և խմելիս կլկլոց է լսվում,որի համար էլ անվանում են կլկլան):Վերջինիս նկատմամբ այնքան մեծ է եղել գյումրեցու հարգանքը,որ Մուշուրբայի արձան է կանգնեցրել:
Մեր հոգու ջերմությունը բազմապատկվեց,երբ այցելեցինք մասիսաբաղձ բանաստեղծ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան,որտեղ բանիմաց էքսկուրսավարը մանրամասներ ներկայացրեց մեծ հայրենասերի և բանաստեղծի կյանքից:Խոսքը համեմելով գյումրեցուն բնորոշ զվարճախոսությամբ՝ հյութեղ բարբառով մեջբերումներ արեց շիրազյան մտքերից,սրախոսություններից:
Վարպետաց փողոցի զարդը քնարերգության Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն էր,որտեղ հաղորդակից եղանք մեծ պոետի պոեզիային,զգացինք նրա շունչը,արվեստի խորությունն ու վեհությունը:
Թանգարանում ամենուր կարելի էր զգալ մեծ բանաստեղծի ներկայությունը:Ծանոթացանք ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին,այլև ունևոր գյումրեցու կենցաղին և նիստուկացին:Այնքան մեծ էր Իսահակյանի արվեստի ուժը,որ պասսիվ այցելուի դերը մեզ չբավարարեց. ընկղմվեցինք նրա արվեստի հորձանուտում՝ դաշնամուրի նվագակցությամբ երգելով նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը,ասմունքելով նրա պոեզիայի գոհարներից մի քանիսը:
Իրարամերժ տրամադրություն մեզ համակեց,երբ այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան, և թանգարանի բանիմաց տնօրենը մեզ ներկայացրեց տխուր աչքերով տաղանդաշատ դերասանի ողջ կյանքի պատմությունը:Թանգարանում ամեն ինչ հիշեցնում էր մեծ դերասանի խաղացած դերերը,հերոսներին,որոնցից յուրաքանչյուրը նա կերտել էր մեծ նվիրումով և տաղանդի ուժով:
Վարպետների քաղաք Գյումրին իր հզոր մշակութային կոլորիտով,շքեղ բարբառով,ավանդական խոհանոցով ամբողջ օրը ուղեկցեց մեզ:
Վերադարձի ճանապարհին մտորում էինք,որ գյումրեցին հայի այն տեսակն է,ում ոչինչ չի կարող ծնկի բերել. նա կարող է փյունիկի նման մոխիրներից հառնել,արարել,ստեղծել և իր խոսքն ասել աշխարհին:
Հայաստանի աղն ես,Գյումրի՛,
Դու խոսքաշեն,սրամիտ,
Ճշմարտության մաղն ես,Գյումրի՛,
Դու իմաստուն,միամիտ:
Շիրազն ասաց՝ գիշեր ու տիվ
Քեզ եմ երգում,իմ Շիրա՛կ,
Արագածին բազմած արծիվ,
Հավերժ կապրես,իմ քաղաք: