ՄԱՅԻՍԸ ԴԱՐՁԱՎ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՄԻՍ

Ամեն գարնան նոր գույներով,
Նոր կյանքով ես գալիս, մայի՛ս,
Հաղթանակի խնդությունով,
Բերկրանքով ես գալիս, մայի՛ս: 
Սարդարապատ քո մեջ ծնվեց
Եվ Ավարայր` հաղթ ու կարմիր,
Հայրենական կռվում այն մեծ
Մեր «Քոչարին» թնդաց անծիր:
Դու քո երթով Շուշի մտար,
Արցախի բերդն ազատեցիր,
Ճերմակ էջին խաղաղության
Հաղթանակի նոր էջ բացիր:

Այսպես սկսվեց մայիսի 9-ի տոնական միջոցառումը ՀՀ Կոտայքի մարզի 
Գեղաշենի Անմահ զինվորի հուշարձանի մոտ: Մռայլ եղանակը բնավ էլ չխանգարեց 
հաղթանակի օրվան նվիրված միջոցառման մասնակիցների ուրախ տրամադրությանը: 
Ամեն տարի մայիսի 9-ին մարդկանց համար նվիրական սրբավայր դարձած
այս վեհանիստ բարձունքում հավաքվելը դարձել է հոգու մաքրության, զոհերի անմահ
հիշատակը հարգելու և խնկարկելու ավանդական օր:


Պսակներ դրվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված 169 գեղաշենցիների
հիշատակին կառուցված պղնձակերտ զինվորի հուշարձանին և նրա կողքին հպարտորեն 
կանգնած արցախյան պատերազմի օրերին զոհված տղաների գերեզմանին: 
Գյուղն այլևս չունի վետերան, սակայն նրանց զավակներն ու թոռներն են իրենց 
պարտքը կատարում, բարձրանում այնտեղ, մեկ առ մեկ հիշում բոլորին: 
Ինչպես միշտ, ելույթ ունեցան դպրոցի «Մաշտոց» գրական խմբակի սաները
(ղեկ.՝ Գոհար Ղազարյան), Նրանք նշեցին, որ մայիսը հայ ազգի համար հերոսության
և հաղթանակների ամիս է. չէ՞որ մայիսի 26-ին են ծնվել Ավարայրն ու հերոսական
Սարդարապատը, մայիսի 28-ին է հռչակվել Հայաստանի առաջին հանրապետությունը,
մայիսի 9-ով գրվեց Հայրենական մեծ պատերազմի պատմությունը, և նույն մայիսի 9- ով բացվեց արցախյան պատերազմում Շուշիի ազատագրման մեծ տարեգիրքը, և սկզբնավորվեց Արցախի պաշտպանության բանակը: Այսօր մայիսի 9-ը եռատոնից վերածվեց քառատոնի աշխարհում և հայոց պատմության մեջ աննախադեպ բաց ձեեռքերի թավշյա հեղափոխության հաղթանակով և ժողովրդական իշխանության հաղթանակով, որոնք մեզ կտանեն Հայաստանի և համայն հայության երազանքների նոր Հայաստան:


Տոնական միջոցառումը իրենց պարային և երաժշտական կատարումներով դիտարժան դարձրին Գեղաշենի մշակույթի տան պարային խումբը / ղեկավար՝ Մելինե Հարությունյան/ և դհոլահարների խումբը:
Շնորհավորանքի խոսքեր ասվեցին Արցախի և Հայաստանի սահմանները հսկող տղաների ու զորակոչիկների հասցեին: Մեծ էր օրվա խորհուրդը , և այն ավարտվեց հետևյալ մաղթանքով. 
Զինվո´ր եղբայրներ, միշտ խաղա´ղ պահեք կապույտ երկինքը, որ հավերժ ծաղկի մայր հայրենիքը, և ձեր մայրերի աչքերը թացվեն ձեր զորացրման տունդարձի օրը:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։