Մեր խաղաղությունը քո ձեռքերում է, հա´յ զինվոր

 

 

Բացվում է օրը, և նրա կապույտ ցող-թարթիչներին
Աղավնին է զուսպ թև առած իջնում որպես ավետիս
Եվ օրվա հանդարտ ու հրակարմիր վառ արշալույսին
Խաղաղությունն է ողջույնը հղում հարավ ու հյուսիս:

Այսպես է սկսում հայոց բանակի 25-ամյակին նվիրված «Մեր խաղաղությունը քո ձեռքերում է, հա´յ զինվոր» խորագրով գրական-երաժշտական միջոցառումը ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ  դպրոցի «ՄԱՇՏՈՑ» գրական խմբակը:

Դահլիճ է բերվում ՀՀ պետական դրոշը, և հնչում է օրհներգը:

Հայաստանում նշվում են բազմաթիվ տոներ, որոնց մեջ ամենից նշանավորը, ամենահայրենասիրականը, ամենատոնականը և ամենաազգայինը երիտասարդ բանակի տոնն է, հայրենիքի պաշտպանի ծննդյան օրը՝ հունվարի 28-ը, այն բանակի, որի ձեռքերում են մեր երկրի ներկան ու ապագան, Հայաստանի և Արցախ աշխարհի նորակերտ խաղաղությունը:

Դեռ 1988-ին Արցախի դեմ չհայտարարված պատերազմ սկսած ու դարերով հարևան կոչված Ադրբեջանը միշտ մեր երկրի համար ամեն տոնական օրը փորձում է մթագնել նոր պատերազմ հրահրելու իր վայրենաբարո և գազանային գործողություններով: Բայց մեր սահմանի պաշտպան, այսօր արդեն անդրկովկասյան տարածաշրջանում ամենակայացած ու մարտունակ հզոր բանակը միշտ արթուն է գիշերուզօր:

         Հեշտ չի եղել 25-ամյա հայոց բանակի կազմավորման ուղին. նրա համար իրենց կյանքն են տվել Թաթուլն ու Բեկորը, Մոնթեն (Ավոն) և Դուշմանը, Շահենն ու հարյուրավոր հերոս հայորդիներ, որոնց անմահության հավաքատեղին Եռաբլուրն է, մեր խնկաբույր շիրիմների հավերժական սրբավայրը:

      1992-ին ցիրուցան գործող ջոկատների ու երկրապահ ահապարտների հիմքի վրա ստեղծված և իր խաղաղատենչ ոգով ողջ աշխարհին զարմացնող հայոց ազգային բանակը ամեն օր ու ժամ նորանոր սխրանքներ է գործում՝ հետ մղելով ազերիների՝ դիվերսիոն նպատակով մեր և Արցախի սահմանը հատել փորձող վարձու ջոկատները:

Զինվորական հագուստ կրող յուրաքանչյուր աշակերտ իրեն պատկերաց նում էր վաղվա հայրենիքի պաշտպանի դերում, երդում էր տալիս՝ ասելով

«Ես քո զինվորն եմ, Հայաստա´ն, և դրանով եմ հայ այսքան»:

Իրենց սրտառուչ խոսքերով և´ ռազմահայրենասիրական խրոխտ երգերով խմբակի սաները մեկնաբանում էին այդ օրվա կարևորագույն խորհուրդը, որն այնքան պարզորոշ քանդակված էր նրանց դեմքին: Մոտ մեկ ժամ հանդիսատեսին հոգևոր հարստություն պարգևած այս ուսանելի և բովանդակալից միջոցառումը հայրենասիրության բաց դաս էր բոլորի առաջ, որտեղ բեմը խաղաղ օրերի ռազմադաշտն էր, իսկ աշակերտները՝ ապագայի զինվորները: Փառաբանեցին բանակաշինության գործի բոլոր նվիրյալներին՝Վազգեն Սարգսյանին ու մերօրյա լեգենդ դարձած Շուշիի ազատարար Կոմանդոսին, այն զինվորյալ քաջերին, ում ուսերին դրված էր Արցախի ազատագրման և Հայաստանի սահմանների պաշտպանության դժվարին գործը: Հիշեցին Վազգեն Սարգսյանի թևավոր խոսքերը, որ ասում էր ամեն հունվարի 28-ին.

«Մենք ունենք մի կաթսա, որտեղ շաղախվումեն կամքն ու հայրենասիրությունը. դա հայոց բանակն է: Ամեն հայ պատանի պիտի թրծվի այդ քուրայում: Այս պատերազմից պատվով դուրս գալուց հետո հպարտ կասենք՝ 21-րդ դարը, հայե´ր, մերն է լինելու»:

Հնչեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գազանաբար խոշտանգված ու սպանված հերոսներին նվիրվածխոսքեր, որոնց կյանքի գնով պահպանվեց մեզհ ամար այնքան թանկ խաղաղությունը:

   Հունվարի 28-ը հայ ժողովրդի նորագույն պատմության վերջին փառավոր էջն է, որի մագաղաթյա տողին մոր ու հայրենիքի համար իր արյունը թափած որդու նկարն է՝ Մայր Հայաստանի ու Արցախ Որդու տեսքով, և որոնց սրտում  մեր քարտեզն է՝ հաստատված խաղաղության եռագույն կնիքով:

       Միջոցառման ընթացքում կար հետաքրքիր անակնկալ. ընթերցվեցին այն ուսուցիչների որդիների ու թոռների նամակները, ովքեր օրեր առաջ էին բանակ զորակոչվել, ով զորացրվել էր հենց այդ օրը ու մասնակցում էր միջոցառմանը, և ով արդեն հայոց բանակի սպա է, ծառայում է զինված ուժերում: Տոնական ցերեկույթին մասնակցում էր նաև դպրոցի երգչախումբը, որի սաների շուրթերից հնչում էին պայքարի ու խաղաղության մեր երգերը: Երգչա-խումբը ղեկավարում և գրական խմբակին նվագակցում էր դպրոցի երաժըշտության ուսուցիչ Արմեն Կիրակոսյանը, իսկ այդ միջոցառումը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Ղազարյանը: 

           Լեփ-լեցուն դահլիճում բացի ուսուցիչներից, աշակերտներից ու ծնողներից ներկա էին նաև հյուրեր, որոնց թվում՝ դպրոցի նախկին շրջանավարտՊոլի-Սերվպոլիմերային  ապրանքների արտադրական ձեռնարկության տնօրեն Յուրիկ Սահակյանը ու ՀՀ ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ, լրագրող, հրապարակախոս և արձակագիր Վահե Մելիքյանը:

Սկզբից մինչև վերջ միջոցառումն ուղեկցվեց մեր ուժային կառույցի կազմավորման դժվարին ճանապարհը և այսօրվա բանակային կյանքի առօրյան ներկայացնող հետաքրքիր կինոժապավեններով ու ֆիլմերով:
   Զինվոր դպրոցականները ցանկացան, որ բոլոր հունվարի 28-երը օրացույցի թերթիկին մնան միշտ կարմիր, ունենան հաղթանակի ուսադիր և խաղաղության զորացրում, որ գալիք սերունդը զինվոր լինի միայն խաղաղ սահմանին, հայ մայրերը արցունք թափեն միայն զինվոր որդու վերադարձին. 

Ու թե արցունքը պիտի զարդարի հայուհի մորը,

Թող որ դա լինի իր զինվոր որդու տունդարձի օրը:

 

 

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։