Գիտելիքի օրը մեր կրթօջախում

 

Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցն այսօր կրկին ցնծում էր տոնական տրամադրությամբ: Հարազատ դարձած կրթօջախի հյուրընկալ դռները լայնորեն բացվել էին՝սիրելի սաներին իրենց գիրկը կանչելու ակնկալիքով: Աշնանային շենշող այգաբացին ձուլվել էին նախակրթարանի սաների, առաջին դասարանցիների մանկական խինդն ու բերկրանքը, տասներկուերորդցիներ խոհուն ժպիտները: 
 

Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին ծնողներ, նախորդ տարիների շրջանավարտներ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց և իր ջերմագին ողջույնը կրթօջախի սաներին , մանկավարժներին հղեց դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը: Խոսելով նախորդ ուստարում դպրոցի ձեռքբերումների մասին՝ Ն.Բաբայանն առանձնացրեց ֆուտբոլի երկու թիմերին, որոնք կրկին հաջողություն գրանցեցին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների ֆուտբոլի մրցաշարերում՝ նվաճելով Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր, իսկ մինի ֆուտբոլի թիմը նվաճեց Պերմում կայանալիք ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական փառատոնի առաջնության ուղեգիրը: Դպրոցի սաները հաջողություններ են գրանցել մարզական միջոցառումներին , մրցույթներին , առարկայական օլիմպիադաներին: Նաիրա Բաբայանը հավաստիացրեց, որ դպրոցի հաջողությունները շարունակական կլինեն և կբազմապատկվեն:
Մտքի դարբնոց, լույսի կամուրջ համարվող դպրոցը կոչելով երկրորդ տուն՝Նաիրա Բաբայանը աշակերտներին հորդորեց սնվել գիտության լույսով և դառնալ պիտանի քաղաքացիներ մեր հայրենիքի համար:
Տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Պարգևատրվեցին մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում, առարկայական օլիմպիադաներում, սպորտային մրցաշարերում լուրջ հաջողություններ և ձեռքբերումներ ունեցող ուսուցիչները.
1. տնօրենի տեղակալ Ազնար Հարությունյանը,
2. հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Ղազարյանը, 
3. մաթեմատիկայի ուսուցչուհի Արմիկ Հարությունյանը,
4. գերմաներենի ուսուցչուհի Մարինե Քոչարյանը,
5. ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Թադևոսյանը,
6. դասվարներ Թերեզա Սամսոնյանը և Ալլա Սարգսյանը, 
Ինչպես նաև մի շարք աշակերտներ. ուսումնառության ընթացքում արձանագրած հաջողությունների և առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունքների համար.
1. Աննա Մկրտչյանը,
2. Երանուհի Ներսիսյանը,
3.Էլեն Սարգսյանը, ուսումնառության ընթացքում արձանագրած հաջողությունների, դպրոցում կազմակերպված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար :
 

Այնուհետև տասներկուերորդ դասարանի աշակերտները ողջունեցին նոր դպրոց մտնող և իրենց գործը շարունակող կրտսեր բարեկամներին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն ուսման մեջ, որպեսզի բարձր պահեն հարազատ դպրոցի պատվավոր անունը: Ե´վ տասներկուերորդ, և' առաջին դասարանցիները իրենց գեղեցիկ խոսքով, երգ ու պարով ազդարարեցին 2018-2019 ուսումնական տարվա հաջող սկիզբը և ծիածանաձև կամարի տակով ձեռք ձեռքի տված հարազատ զանգի հնչյունների ուղեկցությամբ մտան դպրոց:
ԲԱՐԻ՜ԵՐԹ 2018-2019 ՈՒՍՏԱՐՈՒՄ:
Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։